Սեֆիլյանը չգիտեմ՝ ինչի մասին է խոսում, եթե խոսքը մեզ վրա ազդելուն է վերաբերում․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 9, 24News

Դա տվյալ կուսակցության տեսակետն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե՝ եթե ֆորսմաժորներ չլինեն, ապա մեկ տարի անց կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

Հարցին, թե կա՞ն նման նախադրյալներ, Մակունցը պատասխանեց. «Ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է տրամաբանական կապը որպես իրավական պետություն գործելու, միաժամանակ բնակչության խնդիրները հաշվի առնելու սկզբունքով առաջ շարժվելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու»:

Նա անդրադարձավ նաեւ Սեֆիլյանի մեկ այլ հայտարարության, ըստ որի կան հատուկ ծառայություններ, որոնք իրենք են որոշում ԱԺ կազմը եւ կարող են հասնել նրան, որ ԱԺ-ն պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Եթե խոսքը մեզ վրա ազդելու մասին է, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսում Սեֆիլյանը, որովհետեւ նման բան չկա: Եթե խոսքն այլ տիրույթում է, ոչ «Իմ քայլը» խմբակցության մեջ ազդեցությունների մասին, ապա կարծում եմ, որ եթե այդտեղ կա հանցակազմ, այդ թվում ազգային անվտանգությանն սպառնացող, ապա պարոն Սեֆիլյանն այդ մասին պետք է տեղեկացնի պատկան մարմիններին»: