British Airways-ը պատրաստ է բանակցել գործադուլավոր օդաչուների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

 

British Airways բրիտանական խոշորագույն ավիաընկերությունը, որը երկուշաբթի  չեղարկել է գրեթե բոլոր չվերթները, պատրաստ է շարունակել բանակցությունները գործադուլավոր օդաչուների հետ, ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: Օդաչուներն օգոստոսին հայտարարել էին երեք օր՝ սեպտեմբերի 9-ին, 10-ին և 27-ին, գործադուլներ անցկացնելու մտադրության մասին՝ աշխատավարձի հետ կապված դժգոհության առնչությամբ:

Գործադուլի մեկ օրն ավիաընկերության վրա կնստի 40 մլն ֆունտ ստեռլինգ:

Ավելի վաղ Ավիաընկերությունների օդաչուների բրիտանական ասոցիացիան՝ BALPA-ն, որը ներկայացնում է BA-ի աշխատակիցների շահերը, հայտարարել էր, որ ավիաընկերության օդաչուները երկուշաբթի և երեքշաբթի գործադուլ կանցկացնեն՝ գործատուից իրենց պահանջների պատասխան չստանալու պատճառով:

Ավիափոխադրողը, որն օրական մոտ 850 չվերթ է կատարում, ափսոսանք է հայտնել գործադուլի կապակցությամբ և ուղևորներից ներողություն խնդրել, որ հարկադրված է չեղարկել գրեթե բոլոր չվերթները:

«Մենք պատրաստ ենք բանակցությունների վերադառնալ BALPA-ի հետ», - ընդգծել են ավիաընկերությունում: