Ովքե՞ր են մսխում Հայաստանի ինքնիշխանությունը 

ԵՐԵՒԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Кремль

Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմության ձևավորումն ընթանում է ոչ միայն ներքին սկանդալներով, այլ նաև լիդերության համար պայքարում հնարավոր բոլոր մրցակիցներին չեզոքացնելու վարկաբեկող, երբեմն նույնիսկ անբարոյական գործելաոճով։ Հետաքրքրական է, սակայն, որ այս գործընթացի թատերաբեմը ոչ թե Հայաստանն է, այլ մեր երկրի սահմաններից դուրս գտնվող օտար մայրաքաղաքները։ Հատկապես հատկանշական է, որ որոշ մարդիկ ամեն կերպ ցանկանում են ստանալ պաշտոնական Մոսկվայի աջակցությունը՝ երկրում գործընթացներ ծավալելու և ընդդիմության, իսկ հետո էլ, բնականաբար, իշխանության մեջ ծանրակշիռ դերակատարություն ստանձնելու համար։ Այս ճանապարհին այդ մարդիկ ոչ միայն չեն խնայում Փաշինյանի կառավարությանը, այլ նաև փորձում լրատվական ցեխարձակումներ գործել իրենց տեսական մրցակիցների վրա՝ օր առաջ նրանցից եկող հնարավոր վտանգը չեզոքացնելու համար։ Գոտկատեղից ցածր հարվածի դեպքին էլ հայաստանցի ընթերցողն ականատես եղավ մի քանի օր առաջ, երբ հերթական լուրը դուրս սպրդեց ՀՀ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի՝ իբր մոսկովյան աջակցությամբ հայաստանյան քաղաքական դաշտ վերադառնալու մասին։ Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ լուրը դաշտ է նետվել 2018 թ-ին երկրում ստվերային կառավարությունը կորցրած ու գրեթե տաս տարի լրատվական դաշտն ու ֆեյսբուքյան ֆեյքերը կառավարող հայտնի «մեդիաֆաբրիկայի» լիդերի կողմից, որն այս կերպ փորձում է ցույց տալ ռուսական կողմին իր բացառիկությունն ու սեփական  անձի այլընտրանք չունենալը։ Ընդ որում, մոսկովյան պետական շրջանակներում գտնվող մեր աղբյուրները հայտնում են, որ այս անձը բազմիցս փորձել է ստանալ ռուսաստանյան որոշ գործիչների աջակցությունը՝ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար, սակայն ամեն անգամ մերժվել է՝ չհասնելով այդ դաշտում աջակցության։ 

Մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ նախկին վարչապետների մասին տեղեկատվությունը, որ պարբերաբար սպրդել է մամուլում՝ խնդիր է դրել ռուսաստանյան էլիտայի աչքում գցել վերջիններիս վարկանիշն ու հասնել նրան, որ, եթե լինի աջակցության քաղաքական որոշում, այն կանգ առնի հենց այդ լուրերն ուղղորդողի վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք կարևոր հանգամանքը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և քաղաքականության մեջ անձնական մասնակցություն ունենալու հնարավորություն չունի։ Ընդ որում, ռուսական կողմում այս ամենը շատ լավ հասկացել են ու բավական բացասական ընդունել այս «լրատվական խաղերը», հաշվի առնելով այն, որ մոսկովյան որոշ ազդեցիկ շրջանակներ հենց «մեդիաֆաբրիկայի» լիդերին են վերագրում Հայաստանում տաս տարի բոլոր ազդեցիկ կերպարներին մամուլում ու համացանցում վարկաբեկելու աշխատանքը, ներպետական մթնոլորտը թունավորելը։ Հատկապես Մոսկվայում անընդունելի են համարում Եվրասիական տնտեսական միության նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ արշավի ծավալումը, որը ստվեր է գցում ոչ միայն վերջինիս անձի, այլև ՌԴ-ի համար թիվ մեկ քաղաքական առաջնահերթություն ունեցող այս կազմակերպության գործունեության վրա։ Եթե հիշենք Մոկսվայի սուր արձագանքը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովի հանդեպ մեղադրանք առաջադրելու մասով՝ ամեն ինչ ավելի է պարզ է դառնում։ 

Ստացվում է, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու ճանապարհին որոշ անձինք ոչ միայն իրականացնում են վարկաբեկման տարատեսակ օպերացիաներ, այլև մսխում Հայաստանի ինքնիշխանությունն օտարերկրյա մայրաքաղաքներում` հանուն իրենց անհիմն ամբիցիաների ամայացնելով դաշտը, որ մնան պարտադրված այլընտրանք։ 

Սուրեն Կամսարական

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news