ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատճառ չի տեսնում, որ ՌԴ նախագահը չմասնակցի Հայաստանում անցկացվելիք ԵԱՏՄ խորհրդի նիստին։ Այդ մասին փոխարտգործնախարարն ասել է ԱԺ ելույթի ժամանակ։
«Որոշումը, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում լինելու է ԵԱՏՄ խորհրդի նիստը, կայացրել են անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը։ Սա այն դեպքը չի, որ մենք նրանց հրավիրել ենք, ինքը պիտի ասի՝ կգա՞, թե՞ չէ։ Սա համատեղ որոշում է և այստեղ է նիստը կայանալու։ Գալ-չգալու հարցը, որ մամուլում գրվում է, անհասկանալի է, թե ինչ նպատակով է», - ասել է Քոչարյանը։
Շավարշ Քոչարյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք բազմաշերտ են և առանձին դրվագների վրա պետք չէ հիմնվել:
«Հարաբերություններն այնքան բազմաշերտ ու բազմազան են, որ առանձին դրվագներով չի կարելի խոսել։ Իհարկե, հեղափոխությունից հետո հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար դա այն չէ, որ իրենք պիտի ողջունեին, դա հասկանալի է շատ պարզ պատճառով, որովհետև երկրի կառուցվածքն է փոխվել` պառլամենտական։ Իրենք պետք է հաշվի նստեն նրա հետ, որ բարձրագույն խորհրդում վարչապետն է։ Այդ բոլորը ժամանակ է պահանջում», - ասել է փոարտգործնախարարը։