ՔԿՀ-ներում կատարվում են շատ ինքնավնասումներ․ ՄԻՊ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Ինքնասպանությունների համար ավելի խոցելի խումբ են այն անձինք, ովքեր գտնվում են փակ հաստատություններում, այսօր ասուլիսի ընթացքում խոսելով ՔԿՀ-ներում կատարվող ինքնասպանության և ինքնվնասման դեպքերի մասին, ասել է ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը:

«Ինքնավնասումներն ու ինքնասպանություններն իրար շատ մոտ կատեգորիաներ են: ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց կողմից կատարվում են շատ ինքնավնասումներ: Կարևոր է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ, նրանց հետ կատարել աշխատանքներ, պատճառները վերհանել: Այստեղ շատ կարևոր է սոցիալ-հոգեբանական, իրավական ծառայության կողմից իրականացվող աշխատանքները»,- նկատել է ՄԻՊ ներկայացուցիչը և թվարկել ինքնավնասման հնարավոր պատճառները․

«Շատ անգամ լինում է, որ դրանք կապված են կոնկրետ քրեական գործի հետ անհամաձայնություն ունենալու հետ: Լինում են դեպքեր, որ դրանք կապված են ՔԿՀ-ներում լոկալ խնդիրների հետ՝ նույն խցում անհամատեղելիության հարց, անվտանգության ապահովման, բժշկական ծառայությունների չապահովման հարց»։