Ձեռնարկատիրության ոլորտում չարաշահումները կանխարգելելուն ուղղված փոփոխություններ․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը համապատասխանեցնելուն, բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրին (այսուհետ՝ գործակալություն) փոխանցելուն, և արդյունքում՝ այդ տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելուն։

Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ և չի վարում բաժնետիրական ընկերությունների ռեեստր։ Մինչդեռ, ինչպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, այնպես էլ բաժնետիրական ընկերությունները հավասար հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Հարկ է նկատել, որ իրենց ֆինանսական գործունեության ծավալով բաժնետիրական ընկերությունները հաճախ առավել բարձր հանրային հետաքրքրություն ունեն, քանի որ մասնակցում են տարբեր հանրային գործընթացների, այդ թվում՝ պետական գնումների, մատուցում են հանրության համար կարևոր նշանակություն ունեցող ծառայություններ: Ուստի, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի առավել թափանցիկ և հասանելի, հանրությունը պետք է ունենա հնարավորություն ստանալու տեղեկություն բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ, իրականացնելու հանրային վերահսկողություն պետություն-մասնավոր հատված համագործակցության, պետական գնումների գործընթացի, տնտեսական մրցակցային միջավայրի նկատմամբ:

Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ապահովումը անհրաժեշտ է նաև իրավախախտումների կանխարգելման և բացահայտման տեսանկյունից: Բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների գրառումը միասնական գրանցամատյանում և դրանց հասանելիությունը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը, բացահայտել անօրինական ազդեցությունները տարբեր բաժնետիրական ընկերությունների վրա և ընդհանուր առմամբ համակարգը դարձնել ավելի թափանցիկ:

Օրենքների նախագծերով առաջարկվող բարեփոխումները անհրաժեշտ հիմք են ստեղծում նաև իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման համար։ Այս կապակցությամբ, հարկ է նկատել, որ Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 2018 թվականի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլի զեկույցում Հայաստանին տրվել է իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարական։

Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվով, Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականտերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն։ Անդամ երկրները նաև պարտավոր են ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական ռեգիստրի առկայությունը։

Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը ապահովվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Ավստրիայում, Կոլումբիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Գերմանիայում, Հունաստանում, Հոնկոնգում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Իսրայելում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սինգապուրում, Թուրքիայում:

Առաջարկվող փոփոխությունը կարևոր է նաև ձեռնարկատիրական գործունեության ոլորտում չարաշահումները կանխարգելելու նպատակով։ Այս կապակցությամբ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը (ՖԱԹՖ), իսկ հետագայում Գլոբալ ֆորումն իրենց չափորոշիչներում ներառել են բաժնետիրական սեփականության պահանջները, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության գնահատումների անցկացումը: