Unibank

Unibank Mobile

1-ին ատյանի դատարանը պետք է նիստ գումարի և Քոչարյանին անհապաղ ազատ արձակի․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ բողոքի ակցիա իրականացնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին հանդիպեցին Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Սարգիս Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը։

Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ դատախազությունն ամբողջությամբ չի ուսումնասիրել Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումը․

«ՍԴ-ի որոշումը բաղկացած է 23 էջից։ ՍԴ-ն նշում է, որ Սահմանադրությունը չի նախատեսել գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի անձեռնմխելիության հաղթահարման գործիքն իրացնող մարմին։ ՍԴ-ն հետո վերլուծում ու ասում է, լավ, այդ դեպքում այդ գործընթացն ինչպե՞ս պետք է իրականացվի։ Տրամաբանական է, որ քրեադատավարական օրենսգրքի ընդհանուր կարգով քննիչի, դատախազի, դատավորի լիազորությունների շրջանակներում։ Հիմա Դատախազությունն այս հատվածը վերցրել է եւ դրա հիման վրա կառուցել է իր պնդումը՝ նշելով, որ ազատման հիմքեր չկան։ Եթե այդ պնդումից հետո շարունակությունն ավելի մանրամասն ուսումնասիրեր, ապա ՍԴ-ն ուղղակիորեն ասում է, որ նույնիսկ ընդհանուր կարգով դիտարկելու դեպքում հնարավոր չի լինում այդ հարցին պատասխան տալ։ Այլ կերպ ասած անձը գործում է իր կարգավիճակի կամ գործունեության շրջանակներում, թե դրանից դուրս»,–ասաց նա։

Ըստ Վարդեւանյանի՝ մյուս  փաստարկը, որը Դատախազությունը ներկայացրել է, վերաբերվում է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածին՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

«Դատախազությունն ասում է, որ ՍԴ-ն այս հոդվածը վերլուծել է քրեական հետապնդումը բացառող հանգամանքի լույսի ներքո։ Իսկ մենք չենք խոսում դադարեցման մասին։ Պարզ չէ՞, որ եթե դու դադարեցման մասին մեխանիզմը չունես, ուրեմն առավել եւս հետապնդում իրականացնելու մեխանիզմն էլ չունես, սա կարծես բուն տրամաբանությունն է հուշում։ Հիմա եթե 35-րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում չկալանավորվելու իրավունքի լույսի ներքո, դա ի՞նչ է նշանակում, որ անձը չի կարող կալանավորվել, քանի դեռ կա այդ օրենսդրական բացը, իսկ օրենսդրական բացը կարող է հաղթահարվել ԱԺ-ի կողմից, երբ կատարվի օրենսդրական փոփոխություն»,–ասաց նա։

Փաստաբանի նկատելով՝ Դատախազությունը որոշումը մեկնաբանելիս անդրադարձ չի կատարել Եվրոպական դատարանի նախադեպին, որը վերաբերում է անձին կրկին չկալանավորելուն այն դեպքում, երբ օրենքի որակի խնդիր կա։

«Իսկ օրենքի որակը վատն է, որովհետեւ կա օրենսդրական բաց»,–նշեց նա՝ նկատելով,  որ այս փուլում դատախազությունը որոշում կայացնող չէ.

«Դատախազությունը ոչ միայն կողմ է, այլեւ իրավունքի պաշտպանություն իրականացնող մարմին, իսկ նման պարագայում պետք է մրցակցությունը դնես մի կողմ եւ վերացնես իրավունքի խախտումը»։

Փաստաբանի պնդմամբ՝ նման իրավիճակում առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հիմքով նրան անհապաղ ազատ արձակի։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ չկա որեւէ հիմնավորում, որ այս որոշումը պետք է կիրառվի հենց պաշտոնաթող նախագահի դեպքում, նկատեց, որ որոշումը վերաբերվում էր հենց Ռոբերտ Քոչարյանի դիմումին, հետեւաբար ՍԴ որոշումը տարածվում է առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի վրա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս