Հրշեջ-փրկարարները ջանում են իրագործել նույնիսկ անհնարինը․ ԱԻՆ-ը պարզաբանում է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 10, 24News

prkarar-ain-1-1

ԱԻՆ-ը հայտնում է, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր ուշ հասնելու, պատշաճ չաշխատելու, հրդեհշիջման ժամանակ օպերատիվություն չցուցաբերելու վերաբերյալ: 

Տեսակետ է հնչել, որ ս․ թ․ հուլիսի 6-ին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ ԱԻՆ-ը մոտ մեկ ժամ համարյա բան չի արել:

Թյուրիմացությունից խուսափելու համար նշենք, որ մայրաքաղաքի խցանումների և ԱԻՆ ունեցած տեխնիկայի պայմաններում հրշեջ-փրկարարները ջանում են իրագործել նույնիսկ անհնարինը: Զոդի դժբախտ պատահարի հետ կապված տեղեկացնում ենք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է 15:12-ին, որից 4 րոպե անց հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ ժամանել է դեպքի վայր, ևս 9 րոպե անց հասել է երկրորդ մեքենան: Հրդեհը մեկուսացվել է 15:35-ին, մարվել՝ 15:45-ին:  Հրշեջ-փրկարարները գործել են բացառիկ օպերատիվությամբ՝ իրականացնելով իրենց գործառնական պարտականությունները: Ցավոք, այդուհանդերձ, հնարավոր չեղավ խուսափել զոհերից:

Չմտնելով այլ պատկան մարմինների իրավասության և պարտականության տիրույթ՝ նշենք, որ վարորդների բուժսպասարկման, մեքենաների շահագործման, տեխնիկական հսկողության, գազաբալոնների տեղակայման և փորձարկման, օգտագործվող վառելանյութի տեսակի հետ կապված հարցերը դուրս են ԱԻՆ գործառույթներից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարի հանձնարարությամբ, յուրաքանչյուր, հատկապես հասարակական հնչողություն ունեցող արտակարգ դեպք մանրակրկիտ վերլուծվում է, պարզաբանվում են մանրամասները՝ հետագայում նման և այլ դեպքեր կանխարգելելու նպատակով: Անվանական պատասխանատվություն է սահմանվում  թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվում են աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները: