Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն սեպտեմբերի 10-ին ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը:

ԱԳ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Այդ համատեքստում ընդգծվեց ԱԳՆ առաջնային գործառույթը՝ մեր անմիջական դերակատարների և միջազգային գործընկերների միջև համագործակցության հարթակներ ստեղծելու և այդ ամենը մեր զարգացման օրակարգի առաջմղմանը ծառայեցնելու առումով։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ նաև որպես գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս համատեքստում նաև առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը: