Ամուլսարի գործի քննությունը հանձնվել է ՔԿ պետի տեղակալին, ձևավորվել է նոր քննչական խումբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

քաղաքական

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը, և ձևավորվել է նոր քննչական խումբ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի մասին լրագրողական հետաքննությանն անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա նշել էր, որ այդ կապի մասին ի սկզբանե Յուրա Իվանյանը զեկուցել էր իր վերադասին, սակայն վերջինս ոչ անաչառ լինելու առումով այդ կապը խնդրահարույց չէր դիտարկվել։ 

Նշենք, որ Արամայիս Գրիգորյանն է 2016 թվականին հաստատել Ամուլսարի հանքավայրի շահագործման դրական եզրակացությունը: Մինչդեռ բնապահպանները հիմնավորումներ են ներկայացնում հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտման, օդի, հողի ու ջրային ավազանի վրա լրջագույն փոփոխությունների հետ կապված։

«Էլարդ» ընկերությունն էլ, որին ՀՀ կառավարությունը անկախ հետազոտություն էր պատվիրել, նշել է, որ հնարավոր չէ եզրահանգել՝ հանքի շահագործումն անվտանգ կլինի, թե՝ ոչ, քանի որ իրեն տրամադրված տվյալներում բավական թերի և բացակայող կետեր կան։