Դուք պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ եք․ Վալերի Բուայեն՝ արցախցիներին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Վալերի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, որին մասնակցել են «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, նախարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ: Այդ  մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնը։

Բացելով հանդիպումը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում Արցախի բարեկամների կատարած աշխատանքը՝ Արցախի մասին տեղեկատվություն տարածելու և Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ:

«Վստահությամբ կարող եմ ասել, որ Արցախի խորհրդարանի արտաքին կապերի  մեջ  ֆրանսիական ուղղությունն ամենաակտիվն է, իսկ բարեկամության  շրջանակը՝  ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցը: Եվ մենք ունենք բոլոր նախադրյալները  համատեղ օրակարգն առաջ մղելու, համագործակցության  շրջանակներն ընդլայնելու՝  երկուստեք ներգրավվելով քաղաքական ու  հասարակական լայն խմբեր»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բացել Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը հայրենիքի ազատության  նվիրյալների՝ ազատամարտիկների պուրակում:

Ընդգծելով Ֆրանսիայի և Արցախի՝ համամարդկային և ժողովրդավարական արժեքներ կիսելու նմանությունը՝ իր ելույթում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահը խոսել է Արցախը արտերկրում ճանաչելի դարձնելու եղանակների մասին և նշել, որ իրենց հնարավորությունների շրջանակում անելու են ամեն ինչ այդ նպատակաին հասնելու համար: Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր-անդամ Վալերի Բուայեն, խոսելով պատվիրակության այցի մասին, նշել է, որ ամենուր տարածելու են Արցախում իրենց աչքով տեսածը:

«Մենք պետք է պատմենք հակամարտության մասին, որ մոռացվում է աշխարհի կողմից: Դուք պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ եք երկրագնդի այս բարդ հատվածում »,-ընդգծել է խորհրդարանականը:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դանիել Կազարյանը ևս իր ելույթում մատնանշել է Արցախի որդեգրած ժողովրդավարական ուղղու մասին: Նա մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ այն ժողովրդավարական կենսունակության համար, որ առկա է այս երկրում: Դա վկայում է կայուն ապագա ստեղծելու ձեր նպատակադրության մասին»:

Ֆրանսիացի մյուս խորհրդարանականների ելույթներում հնչել են նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, Արցախի և Ֆրանսիայի միջև մարդասիրական ուղղություններում համագործակցության վերաբերյալ առաջարկություններ: