Որդեկորույս մայրերը դժգոհում են,որ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին գումար է տրվում, իրենց՝ոչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

որդեկորույս մայրեր

«Զինվոր» ՀԿ համակարգող խորհուրդը առաջարկում է զոհված և վիրավոր զինծառայողներին աջակցություն տրամադրել կառավարության սահմանած չափորոշիչներով՝ միանվագ 30 մլն դրամ:

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նկատեց, որ որդեկորույս մայրերը ահազանգում են՝ արդար չէ, որ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրվում է, իսկ իրենց՝ ոչ:

«Ծնողներն ահազանգում են՝ ինչո՞ւ, երբ մարտի 1-ի դեպքերով կյանքից զրկվածների ընտանքիներին կառավարությունը տրամադրում է 30 մլն, իսկ զոհված զինծառողների ընտանիքներն անտեսվում են: Ես կառավարություն 4 անգամ գրություն եմ ուղարկել», - ասաց Խաչատրյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ նշեց, որ կառավարությունն այսօր նոր չափորոշիչներ է սահմանել, որոնք իրենք չեն վիճարկում, բայց կարծում են, որ այդ չափորոշիչները պետք է սահմանին զոհվածների ընտանիքներին տրամադրվի:

«Այս աջակցությունն ավելի շատ բարոյական է և խիստ կարևոր է, որ այսօր լինի: Կառավարության կողմից հայտարարվում է, որ բյուջեն եկամտային մասով կգերակատարվի 25 տոկոսով և ճիշտ կլինի, որ այս գումարն ուղղվի այս նպատակին», - նշեց նա:

Վերջինս նկատեց, որ հող ազատազրկելու համար զոհվածների ընտանիքները պետք է ըստ արժանվույնս գնահատվեն:

«90-ականներին տղամարդիկ գնացին անկախության համար, որ անկախ պետության մեջ մարդիկ ապրեն, իսկ այդ անկախ պետության մեջ այսօր զոհվածների ընտանիքները չեն կարողանում ապրել», - ասաց ՀԿ անդամ Սաթիկ Խլղաթյանը:

Հետագա քայլերից խոսելով՝ Խաչատրյանն ասաց, որ մինչև վերջ պայքարելու են, անհրաժեշտության դեպքում պատրաստ են նաև հացադուլ անել:

«Մենք մեր երեխաներին տրված մեդալները հետ ենք տալիս, թող հետ տան մեր բալեքին, մեր ամուսիներին... մեր տղաները, մեր ամուսինները կաշխատեն մեզ կպահեն», - ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ 7-օր ժամանակ են տվել կառավարությանն իրենց դիմումին պատասխանելու համար:

Տեսանյութեր

Live