«Հորիզոն-2020»-ի նախահաշիվը հաստատվեց․ կառավարությունը 501 մլն դրամ կտրամադրի գիտությանը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

2020

ՀՀ կառավարությունը հաստատեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը, որը կազմել է 501 մլն դրամ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, իրավաբանական անձանց մասնակցությունը ԵՄ գիտության և տեխնոլոգիաների  շրջանակային «Հորիզոն-2020» ծրագրին՝ որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ, այն  է` ունենալ նույն իրավունքները, ինչ Եվրոպական միության անդամ երկրների կազմակերպությունները:

2016-2019 թվականների ընթացքում (2019 թ. հունիսի դրությամբ) Հայաստանի գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է «Հորիզոն-2020»-ի քննարկման ենթակա մասնակցության 103 հայտ, որոնցից 26-ը բավարարվել է, այսինքն` այսպես կոչված հաջողության գործակիցը կազմում է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) շրջանակում:

Բացի դրանից՝ ՀՀ երկու կազմակերպություն՝ Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր:

Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Հայաստանի և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով: ՀՀ ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսի չափով, կարող է կատարվել Եվրոպական միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին:

2019-ի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը 989 813.1 հազար դրամ է, որի 50 տոկոսը՝ 494,9 մլն դրամը, կարող է ֆինանսավորվել Եվրոպական միության արտաքին օգնության միջոցների հաշվին: Սույն միջոցների հավաքագրման ու նպատակային օգտագործման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն բացել է արտաբյուջետային հաշիվ, որում 2019-ի տարեսկզբին առկա է 6,149.7 հազ. ՀՀ դրամի մնացորդ։ Սույն տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար անհրաժեշտ է հաստատել նախահաշիվ նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, այն է՝ 501056.25 հազ. ՀՀ դրամ։