Անշարժ գույքի հարկման վերաբերյալ ԱԺ ընդունած օրենքը հակասահմանադրական է․ Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

օդ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է  կատարել ՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում ընդունված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հակասահմանադրականությանը.

«Իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ Ազգային Ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», որով գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով:

Որևէ մեկը չհերքեց հակասահմանադրականության խնդիրը՝ հարցի քննարկումը նախատեսելով իրականացնել մինչև երկրորդ ընթերցում:

Այն ահռելի աշխատանքը, որը անհրաժեշտ է իրականացնել, օրենքի նախագծով կառավարությունը պետք է իրականացնի 1,5 տարվա ընթացքում, որը փաստորեն «որոշվեց» իրականացնել երկու շաբաթվա ընթացքում:

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսության համար չափազանց կարևոր օրենքը հակասահմանադրական վիճակով հասնում է լիագումար նիստի քննարկմանը՝ ստանալով դրական եզրակացություն բոլոր փուլերում, որից հետո իրականացվում է հրատապ և ոչ արդյունավետ փոփոխություններ»: