ՀՀ-ԵՄ ծրագրով գիտության ոլորտին ավելի քան 501 մլն դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

օդ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Ծրագրի նպատակն է՝ ապահովել  ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և առհասարակ, իրավաբանական անձանց  մասնակցությունը Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների  շրջանակային Հորիզոն-2020 ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ: Տեղական ընկերությունները կունենան նույն իրավունքները, ինչ ԵՄ անդամ-երկրների կազմակերպությունները, բացի այդ,  մասնակից կդառնան համաշխարհային մակարդակի  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը:

2016-2019թթ.-ին ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է 103 հայտ, որից 26-ը բավարարվել է: Այսինքն` հայտերի բավարարման հաջողության գործակիցը կազմել է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև Հորիզոն-2020 ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) համեմատ: Բացի դրանից, Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր:

Համաձայն Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագրի` մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել` ՀՀ և ԵՄ ՀՆԱ-ի համամասնությամբ սահմանված գործակցի չափով: Միևնույն ժամանակ, համաձայնագիրը սահմանում է, որ Հայաստանի ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսը, կարող է կատարվել Եվրամիության արտաքին օգնության միջոցների հաշվին:  Համախառն ներքին արդյունքի գործակցով` 2019 թվականի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը կազմել է  989 մլն 813 հազար դրամ, որի 50 տոկոսը (494 մլն 906 հազար  դրամ) կարող է ֆինանսավորվել ԵՄ արտաքին օգնության միջոցների հաշվին: Բացի այդ, Գիտության կոմիտեի` այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվին առկա է 6 մլն 149 հազար դրամի մնացորդ:

Այս տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար հաստատվել է նախահաշիվ`նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, ընդհանուր՝  501 մլն 56 հազար դրամ: