Պետությունը կփոխհատուցի հատուկ կացարանում բնակվող թոշակառուի՝ գազի, լույսի, ջրի վարձերը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

թոշակ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ  ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հարցը ներկայացնելիս նշել է, որ ՀՀ -ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է մոտ 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու: Նրանք բնակվում են Երևանի և Մարալիկի սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաև «Վետերան» օթևան):

Ըստ նախարարի՝ սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաեւ իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:  Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի,   ջրամատակարարման վարձերը, պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք կա՛մ օգնում են, կա՛մ մերժում:

Ըստ նախնական հաշվարկների՝ 59 կենսաթոշակառուներից յուրաքանչյուրը լույսի, գազի և ջրի համարամսական վճարում է միջինում 12 000 դրամ, այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ  59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496, 000 դրամ:

Նախատեսվում է, որ օրենքը կընդունվի և գործի կդրվի 2020-ի հունվարի 1-ից: