Սա Հայաստանի պատմության ամենախայտառակ գործն է․ Քոչարյանը հանդես եկավ ելույթով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Քիչ առաջ ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ այս քրեական գործը որակելով որպես ՀՀ պատմության մեջ «ամենախայտառակ քրեական գործը»։

«Սա քաղաքական հետապնդում է։ Մեկ-մեկ մտածում ես, որ եթե քո նկատմամբ՝ նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլ տալ․․․ Դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիրին լինի, ոնց ուզես, մեկնաբանես, թեկուզ՝ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունես։ Հիմա սա է վիճակը։ Իմ տպավորությամբ սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է։ Դասագրքերում  նշվելու է այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասարակ և դրական հերոսներին, ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները, և տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որ հնարավորություն ունի, որ գրում է ևս մեկ էջ այս քրեական գործի պատմության։ Թե ինչպիսին է լինելու այս էջը, իհարկե, կախված է ձեզնից»։  

Նիստին զուգահեռ դատարանի բակում ընթանում են բողոքի ակցիաներ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին։