ԿԲ-ն թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

կբ

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ին: ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Հոբելյանական 2019 թվականը նշանավորվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյա և եվրասիական ինտեգրման գաղափարի սկզբնավորման 25-ամյա տարեդարձերով:  

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թ. հերթական նիստը հյուրընկալող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

 

Դիմերես` ՀՀ զինանշանը և ԵԱՏՄ անդամ պետությունների քանակին համապատասխանող առագաստների ու աստղերի պատկերներ:

 

Դարձերես` ԵԱՏՄ պատկերանիշը և ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշների ոճավորված պատկերները:

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը  1000

Մետաղը/հարգը           արծաթ 925

Քաշը                             33,6

Տրամագիծը                  38,61

Որակը                           պրուֆ

Դրամաշուրթը               ատամնավոր

Քանակը                         500

 

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման: