Գարեգին Բ-ն ընդունել է Լիբանանից ժամանած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակությանը` գլխավորությամբ Զահլեի Անտիոքի Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի և «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ մասնավորապես բարձր գնահատելով պրն. Նիկոլաս Աբու Ֆայսալի կողմից Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերը, որոնք նաև նպաստում են երկու ժողովուրդների միջև փոխճանաչողության և կապերի զորացմանը: Նորին Սրբությունը ողջունել է նաև Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի ներկայությունը ու կարևորեց իրականացվող նախաձեռնություններին նրա կողմից բերվող զորակցությունը:

Անդրադառնալով երկու երկրների միջև եղած ջերմ և սերտ փոխհարաբերություններին` Վեհափառ Հայրապետը նշել է, որ մշտապես աղոթում է Միջին Արևելքում խաղաղության հաստատման և բարեկամ ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի համար:

Իրենց հերթին Անտիոքի Միտրոպոլիտը և պրն. Աբու Ֆայսալը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին` երկու պետությունների և ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը ուղղված ձեռնարկների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: