Հայկ Մարությանը ներկայացրել է Նորք-Մարաշ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

հայկ մարության

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. 

«Պարոն Մկրտչյանը դարձել է մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում։ Շատ կարևոր է գնահատել անցած ճանապարհն ու արված աշխատանքը, որովհետև միայն այդպես կարող ես ստեղծել նորը։ Այսօր վարչական շրջանում կան դեռևս շատ անելիքներ, որոնք, վստահ եմ՝ կկարողանանք միասին իրագործել»

Քաղաքապետը  հավելել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը Նորք-Մարաշի բնակիչ է և քաջատեղյակ է առկա խնդիրներին: Բացի այդ, մասնավոր սեկտորում նրա աշխատանքի մեծ ճանապարհն ու փորձը դրականորեն կանդրադառնան համայնքի զարգացման գործին:
 

«Համայնքային աշխատանքն ամենածանր և դժվար գործերից է։ Վստա եմ՝ գիտակցում եք պատասխանատվության չափը։ Այստեղ գործ ունենք բնակիչների ամենօրյա խնդիրների հետ, որոնք պահանջում են արագ և կոնկրետ քայլեր ու լուծումներ»,- շեշտել է քաղաքապետը։

Քաղաքապետն աշխատակազմի հետ զրուցել է նաև մի շարք ոլորտներում առկա խնդիրներից, մասնավորապես աղբահանության կազմակերպումից, ներկայացրել վիճակն ու խոսել քաղաքապետարանի ձեռնարկած քայլերի մասին: