Հանրային Խորհրդում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական խնդիրներն ու մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի սեպտեմբերի 12-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը, քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին վերաբերող խնդիրներն ու մարտահրավերները:

Հանձնաժողովի ժողովրդագրական ենթահանձնաժողովի նախագահ, ժողովրդագիր, անկախ փորձագետ Ռուբեն Եգանյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է իր կողմից վերջին ամիսներին իրականացրած՝ «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրադրության վարչատարածքային առանձնահատկություները» թեմայով հետազոտության ամփոփ արդյունքները: Նման հետազոտություն իրականացնելու առաջարկ փորձագետը ստացել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից կողմից:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել և վերլուծվել են Հայաստանի բոլոր մարզերի վերաբերյալ համակողմանի տվյալներ, որոնց արդյունքում հնարավորինս ճշգրիտ ներկայացվել են ժողովրդագրական առկա խնդիրներն ու դրանց պատճառները՝ տարածքային առանձնահատկությունների համատեքստում:

Ռուբեն Եգանյանը տեղեկացրել է, որ հետազոտության արդյունքները ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Քննարկելով ներկայացված փաստերն ու տվյալները՝ հանձնաժողովի անդամները խիստ մտահոգիչ են համարել մարզերում, հատկապես Լոռիում ժողովրդագրական իրավիճակը (2018 թ. մարզում մահացության թիվը գերազանցել է ծնելիության թվին): Հանձնաժողովի անդամները շեշտել են ժողովրդագրական քաղաքականության պետական նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը՝ հիմնված նաև այս հետազոտության արդյունքների վրա:

Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ժողովրդագրական ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող գործընթացի, ինչպես նաև վերոնշյալ հետազոտության մեջ արձանագրված իրավիճակի ուղղությամբ կատարվող կամ կատարվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը:

Անդրադարձել է եղել նաև հանձնաժողովի նախորդ նիստին քննարկված՝ Պարսից ծոցի երկրներում բնակվող և այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալող երրորդ երկրների քաղաքացիների՝ դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների ավելացման հարցին, որի վերաբերյալ ՀՀ կառավարություն էր ներկայացվել առաջարկների փաթեթ: Հանձնաժողովի անդամները նպատակահարմար են գտել հետամուտ լինել ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկների հետագա ընթացքին: