Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ. Տիգրան Սարգսյանը ներկայացրել է «4 ազատության» տեսությունը

ԵՐԵՒԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Տիգրան Սարգսյան

Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն՝ հսկայական տարածք, որտեղ կարող է գործել «չորս ազատությունների»  սկզբունքը՝ ապահովելով ապրանքների, աշխատուժի, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, «The Future is connected. արդյունաբերական քաղաքականությունը բարդ աշխարհաքաղաքական խնդիրների ժամանակ» միջազգային կոնֆերանսում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով իր առաջ քաշած բանաձևի իրականացման հնարավորությունները։ 

«Մեծ առաջընթաց էր Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը Իրանի հետ, որը մոտ ժամանակներս կսկսի գործարկվել։ Հոկտեմբերի 1-ին նմանատիպ համաձայնագիր կստորագրվի նաև Սինգապուրի հետ։ Սպասվում է նմանատիպ հարաբերությունների հաստատում Հնդկաստանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ»,- ըստ ԵԱՏՄ մամլո ծառայության հաղորդագրության՝ ասել է Սարգսյանը։ 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը կոնֆերանսի ընթացքում նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն պատրաստ է երկխոսության Եվրամիության հետ՝ հավելելով, որ «որքան շուտ ամրապնմդվի ԵԱՏՄ-ն իբրև ինստիտուտ, այնքան հեշտ հնարավոր կդառնա այդ երկխոսության կայացումը»։ 

Տիգրան Սարգսյան

«Եվրասիական հանձնաժողովը տարեկան ստանում է ավելի քան 100 դիմում ԵԱՏՄ տարածքում աշխատող եվրոպական ընկերություններից։  Մեր հանձնաժողովը շահագրգռված է գործարար շրջանակներից ստանալ կարծիքներ ՝ բիզնեսի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով։ Երկխոսությունն ու համագործակցությունը ժամանակակից աշխարհում չունեն այլընտրանք»,- նկատել է նա՝ ընդգծելով, որ «ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհը բերում է իր հետ նոր մարտահրավերներ, վտանգներ ու սպառնալիքներ, որոնք դժվարացնում են նոր գիտելիքի արտադրությունն ու համագործակցությունը»։ 

Ըստ Սարգսյանի ներկայացրած տեսության՝ «աշխարհը գնալով փոքրանում է, իսկ փոխկապակցվածությունը՝ խորանում»։ «Այս համաշխարհային թրենդին հնարավոր չէ դիմակայել։ Այսպիսին է մարդկության պատմության զարգացման տրամաբանությունը։ Դրա հետ մեկտեղ փոխկապակցված լինելը, նոր մշակութաբանական չափորոշիչների արտադրությունը բերում է նոր և բավական լուրջ վտանգներ։ Աշխարհի զարգացման հիմնական շարժիչ ուժը նոր գիտելիքի արտադրությունն է։ Զարգացած է այն հասարակությունը, որը կարողանում է գիտելիք արտադրել։ Աշխարհի մրցակցությունն այս ուղղությամբ է ընթանում», - իր խոսքում նշել է Եվրասիական հանձնաժողովի նախագահը։ 

Տիգրան Սարգսյան

Ըստ Տիգրան Սարգսյանի, փոքրացող աշխարհում անհրաժեշտ է գտնել նոր, ընդհանուր չափորոշիչներ, և այն կյանքի կոչելու համար պետք է ամենաբարձր մակարդակով երկխոսություն։  

«Պետությունները սկսել են հասկանալ, որ առանց խոր համագործակցության հնարավոր չէ տնտեսություն զարգացնել։ Այդ նպատակով ստեղծվում են գլոբալ գործընթացները կառավարող մեխանիզմներ։ ԵԱՏՄ-ն հենց այդպիսի տարածաշրջանային միավորում է, որը խորացնում է տնտեսական կապերը», - ասել է նա՝ նկատելով, որ ԵԱՏՄ պայմանագիրը ստորագրելուց ընդամենը 2 տարի անց կառույցը ցույց տվեց աշխարհի փոփոխություններին հարմարվելու զարմանալի հատկություն։ 

«2016 թ-ից ԵԱՏՄ-ն սկսեց կյանքի կոչել թվային օրակարգը, որը դարձավ Եվրասիական ինտեգրացիայի հիմնական շարժիչ ուժը։ Այն հիանալի օրինակ է, թե ինչպես պետք է արձագանքես աշխարհի փոփոխություններին։ ԵԱՏՄ-ն պետք է համագործակցի ԵՄ-ի, Չինաստանի, Հարավ-արևելյան Ասիայի իր գործընկերների հետ», - կարծում է Եվրասիական հանձնաժողովի նախագահը։ 

Կոնֆերանսի քննարկմանը բացի Տիգրան Սարգսյանից մասնակցում էին ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, Գերմանիայի նախկին կանցլեր, «Роснефть» ընկերության հոգաբարձուների խորհրդի ղեկավար Գերհարդ Շրյոդերը և Wilo Group համաշխարհային ընկերության ղեկավար Օլիվեր Հերմեսը։ 

Տիգրան Սարգսյան