Վստրեչի Ապերը հեռացել է Հայաստանից՝ տեղեկանալով իր դեմ հարուցվող գործի մասին 

ԵՐԵՒԱՆ, 13  ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Վստրեչի Ապեր

Հայտնի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, 24News-ի տեղեկությունների համաձայն մի քանի օր առաջ շտապ մեկնել է Մոսկվա՝ տեղեկանալով իր դեմ հարուցվող քրեական գործի մասին, որի մանրամասները մեզ հայտնի չէ։ Մեր աղբյուրները պնդում են, որ Վարդանյանին այս տեղեկությունը տրամադրվել է հենց իրավապահ կառույցներում աշխատող բավական բարձրաստիճան անձանց կողմից, ում հետ նա ունի մտերիմ հարաբերություններ։ Վերջինս էլ, չցանկանալով ենթարկվել քրեական հետապնդման, անմիջապես լքել է երկիրը, իսկ սահմանը հատելու հարցում նրան օգնել են հենց իր նույն պաշտոնյա ընկերները։ Այս տեղեկատվությունը, սակայն, բավական մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն իրավապահների շրջանում, այլ նաև իշխանական ամենաբարձր մակարդակով, ինչից հետո էլ՝ հասկանալով, որ «գլուխներ են թռնելու» վերջինիս զանգահարել ու հետ են կանչել Հայաստան։ Արդյո՞ք վերադարձել է Վստրեչի Ապերը երկիր, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։ 

Ի դեպ, Արամ Վարդանյանի նկատմամբ ոստիկանությունը ժամանակին հետախուզում էր հայտարարել ու վերջինս  ձերբակալվել էր  2018թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1-ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։ Նա մեղադրվում էր երիտասարդ մի տղայի առևանգման ու ծեծի ենթարկելու մեջ։ Հայաստան վերադառնալուց հետո նրան գրավի դիմաց ազատ էին արձակել, իսկ մի քանի ամիս անց՝ 2019-ի սկզբին, դատավոր Մեսրոպ Մակյանը կարճել էր քրեական գործն ու վերջինիս նկատմամբ դադարեցրել քրեական հետապնդումը՝ հաշվի առնելով ինքնախոստովանական ցուցմունքն ու հայտարարված համաներումը։ 

Հ.Գ. 24News-ի խմբագրություն զանգահարեց անձամբ Արամ Վարդանյանը ու հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը գտնվում է արտերկրում՝ խուսափելով քրեական հետապնդումից։ «Ես հիմա Երևանում եմ, զանգում եմ ձեզ Երևանից ու ոչ մի քրեական գործի մասին տեղյակ չեմ։ Ոչ ոք ինձ ոչ մի բան չի տեղեկացրել»,- հայտնեց նա՝ հերքելով, հոդվածի մասին տեղեկատվությունը։