Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը․ ՔԿ խոսնակ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Լևոն

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պետ Նաիրա Հարությունյանը: 

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ տվյալներ էին ձեռք բերվելմ, որ «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հստակ ներդրված հանցավոր սխեմա է բացահայտվել:

Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, ծրագրում որպես  ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250 մլն. դոլար արժողության ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում՝ գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում: