Եթե մինչև աշնան վերջ աղբահանության խնդիրը չլուծվի, քաղաքապետը պիտի հրաժարական տա

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Երևանում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակի մասին Երևանի քաղաքապետարանի դիմաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը մամուլի ասուլիս էին կազմակերպել։ 

«Մեր հիմնական բողոքն այն է, որ քանի շաբաթ է «Սանիտեքը» չի աշխատում, չկա որևէ իրավական գործընթաց, որ իրավական առումով խզվի պայմանագիրը «Սանիտեք»-ի հետ: Միայն հայտարարությունների մակարդակով աղբահանության խնդիրը չի լուծվել և չի լուծվելու»,-ասել էր Արման Ղուկասյանը, ապա հավելել, որ քաղաքապետարանը «Սանիտեք»-ի հետ իրավական գործընթացը թափանցիկ չի իրականացնում:

«Մութ գործընթացներ կան, եթե Երևանի քաղաքապետարանը չի հրապարակում «Սանիտեք»-ի հետ պայմանագիրը, դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասել է Ղուկասյանը և հիշեցրել, որ խախտվել է նաև իրենց ուղարկած նամակի պատասխանի ժամկետը:

«2019 թ․ Երևանի քաղաքի բյուջեով մոտ չորս միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք պարգևավճարներ է բաժանվելու, դա չեն մոռանում իրար մեջ բաժանել, նամակներին մոռանում են պատասխանել»,-ասել է Ղուկասյանը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն ասել է, որ իրենց համար ամենակարևոր խնդիրն աղբահանության հարցի լուծումն է:

«Եկել ենք բարձրացնելու այն հարցը, թե ինչու մինչ հիմա Երևանի քաղաքապետարանը չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որ այլ օպերատորներ ներգրավվեն: Մենք լավ գիտենք, որ նշվում է, թե «Սանիտեքի» հետևում ինչ-որ ականջներ է երևում, սա սաբոտաժ է, բայց եթե քաղաքապետարանը ուներ կասկածներ, ինչո՞ւ ավելի շուտ քայլեր չեն ձեռնարկել, որ խզեն պայմանագիրը»,-ասել է Ծովինար Կոստանյանը, ապա հեվելել, որ եթե մինչև աշնան վերջ աղբահանության խնդիրը չլուծվի, քաղաքապետը պետք է հրաժարական տա։