Զոլաքարում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է մանկապարտեզի նոր շենքի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի 5-ից մեկնարկել է մանկապարտեզի նոր շենքի կառուցումը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, ծրագրի մրցութային արժեքը կազմել է 276 միլիոն 236 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Զոլաքարի համայնքապետարանը: Համայնքապետարանը եւս 8 միլիոն 850 հազար դրամ հատկացրել է նախագծման աշխատանքների, հեղինակային հսկողության ու տեխհսկողության համար:

«Զոլաքարի համայնքապետարանի ընդհանուր ներդրումը կազմում է 96 միլիոն 683  հազար դրամ:Մենք Զոլաքարի բնակչության համար իրականացնում ենք կենսական կարեւոր նշանակության ծրագիր: Անշուշտ, մեզ մոտ շատ հիմնախնդիրներ կան կուտակված, սակայն մենք գտանք, որ մանկապարտեզի կառուցումը համայնքի համար առաջնահերթ նշանակություն ունի, որի ավարտից հետո միջոցներ կհատկացնենք մյուս հիմնախնդիրների կարգավորման համար: Զոլաքարի մանկապարտեզը չի գործել 2015 թվականից, շենքի վթարային վիճակի պատճառով: Բացի այդ, շենքի տարածքը չէր բավարարում մեր բազմահազարանոց գյուղի պահանջները: Մանկապարտեզի նոր շենքը կառուցվում է գյուղի հին դպրոցի տեղում: Հին շենքն արդեն քանդվել է, հեռացվել շինարարական աղբը, սկսվում է շենքի շինարարությունը, որը նախատեսված է ավարտի հասցնել մինչեւ այս տարվա վերջ:Շենքը կառուցվում է 6 խմբի համար, որոնցում կընդգրկվեն նախադպրոցական տարիքի 150 երեխա: Նախագծանախահաշվային փաստաթղթերով շինարարությունը բաժանված է երկու մասի՝ համաշինարարական աշխատանքների, որի մեջ մտնում է շենքի ամբողջական կառուցումը, եւ տարածքի բարեկարգման, որի մեջ մտնում է ցանկապատի եւ խաղահրապարակի կառուցումը, գույքի ձեռքբերումը:  Մենք ամբողջությամբ կատարելու ենք մեր ներդրումը,  նույնն անելու է կառավարությունը, եւ եթե  խանգարող հանգամանքներ չլինեն, մենք կավարտենք շենքի համաշինարարական աշխատանքները: Տարածքի բարեկարգման  աշխատանքները կիրականացնենք եկող տարի, սուբվենցիոն նոր ծրագրով »,- ներկայացրեց Արման Ղազարյանը: