ԱԺ-ում երեկ թեժ էր․ պարզում էին՝ ով է «գործ տվող», ով ոչ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված նախագիծը սպասվածից ավելի բուռն քննարկման արժանացավ` փոխադարձ մեղադրանքներով և ԱԺ միջանցքում շարունակություն ունենալով: Խոսքը իր համահեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծին է վերաբերում, որն էլ նշանակում է խախտումներն օնլայն ռեժիմով ոստիկանությանը փոխանցել:

Եվ հետաքրքիր է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները սա համարեցին գործ տալու նախագիծ, որի արձագանքն ու ելույթները լարեցին իրավիճակը: ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանն այս նախագիծը բարոյականությունից զուրկ էր որակել։ Ի պատասխան` Գաբրիելյանը նշեց. «Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի՛ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»։ Եվ քանի որ սա վերջին ելույթն էր, իրավիճակը լարված մնաց նաև ԱԺ միջանցքում:

Այս իրավիճակը հիշեցրեց դեռևս նախորդ գումարման խորհրդարանում արձանագրված հայտնի դեպքը, երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, անդրադառնալով ազդարարի ինստիտուտին, այն գործ տալ էր համարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: