«Bridge of Health»-ի ընթրիքում «City of smile»-ը ճանաչվել է տարվա կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ԱՄՆ Լոս Անջելեսում սեպտեմբերի 8-ին կայացած  «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարևորում է այն հսկայական աշխատանքը, որը ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է  ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։  Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

‹‹Մեզ համար մեծ պատիվ է աշխատել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի հետ։ Թեպետ շատ կարևոր է տրամադրել ֆինանսական աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքին, սակայն համակարգային բժշկական բարելավումները, որոնց ձգտում են  ‹‹Ժպիտների քաղաք›› և ‹‹Bridge of health›› կազմակերպությունները, շատ կարևոր նշանակություն ունեն ավելի առողջ և երջանիկ Հայաստանի համար››,- մրցանակը հանձնելիս ասել է  ‹‹Bridge of Health›› բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Աղավերդյանը։

‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը և արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 220 երեխայի։ Հիմնադրամը տրամադրում է բուժում, դեղորայք ինչպես նաև օրական 4-անգամյա սնունդ։ Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ներկա դրությամբ նման աջակցությունից օգտվել է 80 ընտանիք։