50-60 տարի գործող հանքի համեմատությունը չբացվածի հետ կարճամտություն է կամ մանիպուլյացիա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

«Ամուլսարի շահագործման բոլոր թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, ինչպես նաև փորձագիտական եզրակացությունը տրվել են օրենքների խախտումներով՝ և՛ մեր Սահմանադրությունն է խախտվել և՛ բոլոր օրենքները՝ ջրային օրենսգիրքը, ընդերքի մասին օրենսգիրքը, հողային օրենսգիրքը, Սևանի մասին օրենքը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքը, հատուկ տարածքների պահպանման մասին օրենքը, բուսական աշխարհի մասին օրենքը, կենդանական աշխարհի մասին օրենքը, և այլն, ինչպես նաև տասը միջազգային կոնվենցիաներ, որոցով մենք պարտավորություններ ունենք միջազգային հանրության առջև»,- այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։ 

«Ես անցյալ տարի ներկայացրել եմ կառավարության այս օրենքների և կոնվենցիաների խախտումները, վերջին չորս էջում նշել եմ, թե ինչ կոռուպցիոն հանգամանքներ կան և խնդրել եմ, որպեսզի իրավապահ մարմինները ուսումնասիրեն և գործեր հարուցեն։ Սակայն մինչև օրս ոչ մի բան չի արվել։ Մի կասկածելի հիմքերով քրեական գործ է հարուցվել, որը այդպես էլ չենք հասկանում, թե ինչ ճակատագրի է արժանանալու»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ բնապահպանների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հաղորդել է, որ գործում առկա է 35 հազար փաստաթուղթ։ «Ես հարցրի, եթե 35 հազար փաստաթուղթ կար, ու դրա հիման վրա Դուք կարող էիք գործը կարճել, ինչու էիք «Էլարդ»-ին 400 հազար տալիս, և նոր փորձաքննություն նշանակում։ Հիմա էլ պարզվում է, որ այդ 35 հազար փաստաթուղթն ու «Էլարդ»-ի եզրակացությունը չի օգնում, որ գործը կարճվի»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքի՝ այսպիսի ծրագրերն անպայման պետք է սանիտարական փորձաքննություն անցնեն, որն իրականացնում է Առողջապահության նախարարությունը։ «Մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննություն չի անցել և այդ ազդեցությունը չի գնահատվել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ՇՄԱԳ-ի փաստաթղթերում էլ նշված է, որ պետք է գնահատվի ազդեցությունը ոչ միայն շրջակա միջավայրի վրա, այլև՝ մարդու առողջության վրա։ 

«Քաջարանի, Ագարակի, Կապանի, Ախթալայի, Ալավերդու, Սոթքի, մյուս բոլոր հանքավայրերը բացվել են սովետական միության ժամանակ, երբ էս մարդիկ, որ հիմա փակել են Ամուլսարի ճանապարհը, իրենք դեռ չէին ծնվել։ 50-60 տարի առաջ բացված հանքը համեմատել չբացված հանքավայրի հետ կամ կարճամտություն է, կամ միտումնավոր մանիպուլյացիա, որ փորձում է ժողովրդին այլ պատկերներ ներկայացնել»,- ասաց աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը։