Վեճ և կրակոցներ՝ Նաիրիտի դիմաց․ մեքենան վնասողն ու զենքով սպառնացողը հարազատ եղբայրներ են

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կրակոց

Սեպտեմբերի 14-ին Երևանում կրակոցներ են հնչել։ Ժամը 01։40-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նաիրիտ գործարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմանում, Բագրատունյաց փողոցում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փակել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 25-ամյա Ալեն Կ-ի վարած «ВАЗ 21099» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո վարորդը և նրա հետ եղած անձանցից մեկը փայտե մահակով և ոտքով հարվածել են ավտոմեքենայի դռանն ու բեռնախցիկին, վնասել այն, իսկ նրանց հետ եղած մեկ այլ անձ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և իր մոտ եղած զենքով կրակոցներ արձակել «ВАЗ 21099»-ի ուղղությամբ։

Աղբյուրը նաև նշում է, որ մինչ Շենգավիթի ոստիկանները դեպքի հանգամանքներն էին պարզում, ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները պարզել են, որ Ալեն Կ․-ի ավտոմեքենային հարվածել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչ 32-ամյա Արթուր Բ․-ն, իսկ ավտոմեքենայի վրա զենք է պահել նույն նրբանցքի բնակիչ 22-ամյա Արմեն Բ․-ն։

Ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում նշված անձինք ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ Արմեն Բ․-ն ներկայացրել է նաև «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը։ Ըստ աղբյուրի՝ Արթուր և Արմեն Բ․-երը հարազատ եղբայրներ են, որոնք ազատ են արձակվել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։