Խնդիրը վերջնականապես մտցվեց փակուղի, որ հետո ասեն՝ հարցը լուծելու իրավական մեխանիզմ չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ամուլսարի խնդրի մասին:

«Վերջապես կարդացի բնապահպանության նախարարության կողմից վարչապետին ուղղված գրությունը՝ Ամուլսարի շահագործման համար նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ ու հասկացա, որ հարցը վերջնականապես տանում են փակուղի: Այս գրության մակերեսային դիտարկումից կարելի է ենթադրել, թե նախարարությունը վեր է հանել խախտումներ, որոնց հիման վրա ընկերությանը կարող է նոր ՇՄԱԳ իրականացնելու պահանջ ներկայացվել: Նախ, կառավարությունը չի կարող ընկերությանը նման պահանջ ներկայացնել, կառավարությունը կարող է միայն ուժը կորցրած ճանաչել ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ին իր տված փորձաքննական եզրակացությունը, որից հետո ընկերությունը կորոշի՝ իրականացնե՞լ նոր ՇՄԱԳ, թե՞ այլ կերպ վարվել: Այսինքն, միակ իրավական գործողությունը, որ մտնում է կառավարության լիազորությունների մեջ, իր տված փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելն է:

Վարչապետին ուղղված գրության վերջում նշված է, որ առաջարկում են բնապահպանական տեսչությանը հանձնարարել Ամուլսարում իրականացնել ստուգում՝ հիմք ընդունելով գրության մեջ նշված հանգամանքները: Վարչապետն էլ իր հայտնի լայվում ասաց, որ դրա հիման վրա տեսչությանը տվել է հանձնարարական ստուգում իրականացնելու: Հիմա ուշադիր՝ այսպիսի հանձնարարականի պարագայում տեսչությունը պարտավոր է դուրս չգալ նշված կետերի շրջանակներից և այլ հարցեր ևս ստուգել, մինչդեռ տեսչությունը չունի լիազորություն ստուգում իրականացնելիս անդրադառնալ նշված կետերից որևէ մեկին: Տեսչությունը ստուգումներ է իրականացնում կառավարության որոշմամբ հաստատված և ստուգումների համար հիմք հանդիսացող ստուգաթերթերի միջոցով և ստուգում իրականացնելիս կարող է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք ներառված են ստուգաթերթում: Նախարարության ներկայացրած 13 կետերից ոչ մեկը չի կարող հաստատվել տեսչական ստուգմամբ, քանի որ մետաղական հանքավայրերին վերաբերող ստուգաթերթի 53 կետերից և ոչ մեկը չեն վերաբերում նախարարության ներկայացված հարցերին: Սրանով խնդիրը վերջնականապես մտցվեց իրավական փակուղի, որ հետո ասեն, թե հարցը լուծելու իրավական մեխանիզմ չկա:

Հիմա քայլ առ քայլ բացատրեմ՝

1. Նախարարությունը մասնագիական եզրակացություններ տրամադրելու նպատակով տարբեր գերատեսչություններին (տեքստում երևում են միայն ԱԻՆ-ի մեկ ՊՈԱԿ-ի և կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի անվանումները) և գիտությունների ակադեմիային է ուղարկում ELARD-TRC իրականացրաց փորձաքննության տվյալները, ինչպես նաև ուսումնասիրում է Լիդիանի կայքը ու վերջինիս համար ՇՄԱԳ մշակած երկու ընկերությունների կայքերը: Գրության տեքստից հետևում է, որ նախարարությունն ունի մեկ սեփական դիտարկում առ այն, որ 2016թ. իրականացված և փորձաքննության ենթարկված ՇՄԱԳ-ից հետո ընկերությունն իրականացրել է մի շարք լրացուցիչ հետազոտություններ, որոնցում արտացոլված տվյալները տարբերվում են փորձաքննության ենթարկված ՇՄԱԳ-ի տյալներից (12-րդ կետ): Ինչպիսի՞ բացահայտում  :) Այս հարցը բազմիցս քննարկվել է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում, որոնք ես հաշվետվությունների տեսքով ներկայացրել եմ կառավարությանը դեռ նախորդ տարվա աշնանը: Խմբի անդամներից ՝ Լևոն Գալստյանի տված եզրակացության մեջ, օրինակ՝ նշված է փորձաքննական դրական եզրակացությունը ստանալուց հետո ընկերության իրականացրած շուրջ երեք տասնյակ նոր ուսումնասիրությունների մասին: Հիշեցնեմ, որ նշված աշխատանքային խմբում ներգրավված մասնագետների տված կարծիքների ու եզրակացությունների հիման վրա կառավարությունը ոչ մի գործողություն չի կատարել:

2. Նախարարության կողմից վարչապետին ներկայացված տվյալները վերաբերում են ընկերության իրականացրած ՇՄԱԳ-ի տարբեր մասերում ելակետային տվյալների սխալ հաշվարկներին՝ ջրերի որակի մոդելավորման ընթացքում երկաթի և ալյումինի կոնցենտրացիաների սխալ հաշվարկին, ոչ ճշգրիտ կլիմայական բնութագրերին և գոլորշիացման ցուցանիշներին, քամիների ուժգնությանը, Արփա-Սևան ջրատարի վրա և Արփա գետի վրա ջրաչափական դիտակետերի առկայության հարցին, որոնք ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում նշվել էր, թե չեն հայտնաբերվել (1-8-րդ կետեր): Նշված են նաև այդ տարածքում որոշ դիտարկումներ վտանգավոր օդերևութաբանական երևությթների ավելացման, տարածքում առկա մի վտակի մասին, որը վարարելու դեպքում կարող է ընդերքոգտագործման թափոններով աղտոտել Կեչուտի ջրամբարը, սեյսմիկ հաշվարկներ անելիս որոշ թերացումներ (9-11-րդ կետեր): Թերևս ամենահետաքրքիրը 13-րդ կետն է, որտեղ նշված է, որ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն "փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում" եզրահանգում է արել, որ ՇՄԱԳ-ի մաս կազմող "Ռադիացիոն ֆոն" բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի:

3. Արձանագրենք, որ բացառությամբ 12-րդ կետի (ՇՄԱԳ-ը հաստատելուց հետո նոր փաստաթղթերի մշակում՝ այլ հաշվարկներով), մնացած բոլոր հարցերը վերաբերում են ընկերության մշակած նախագծին և ՇՄԱԳ-ին, որը ներկայացվել է պետական բնապահպանական փորձաքննության և ստացել դրական փորձաքննական եզրակացություն:

Այս կետերից առանց բացառության բոլորը վերաբերում են ընկերության ներկայացրած նախագծային փաստաթղթերում ներառված և պետական մեկ այլ մարմնի՝ բնապահպանության նախարարության կողմից տրված փորձաքննական եզրակացությամբ արդեն իսկ գնահատված հարցերին, որոնք տեսչությունը իրավասու չէ վերագնահատելու: Իսկ փորձաքննական եզրակացությունը տրամադրելուց հետո ընկերության կազմած այլ փաստաթղթերը օրենքի իմաստով չեն հանդիսանում «նախագծային փաստաթղթեր» և տեսչությունը չի կարող դրանց վերաբերյալ «ստուգում» իրականացնել, քանի որ, ինչպես ասացի, ստուգաթերթում այդպիսի փաստաթղթերն ուսումնասիրելու վերաբերյալ պահանջ, հետևապես և լիազորություն չկա»,-գրել է Գրիգորյանը: