«Ազգային վերածնունդը» 2020-ի ընտրությանը սեփական թեկնածուն կունենա․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ազգային վերածնունդ

2019 թ. սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ: Որոշվեց հանձնարարել կուսակցության տարածքային կառույցներին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հրավիրել տարածքային ժողովներ և 2020 թ. նախընտրական համագումարի համար առաջարկել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և ԱՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

Գործադիր մամինը, հաշվի առնելով 2019 թ. մարտին կայացած համագումարի որոշումը, մերժեց նախագահի միասնական թեկնածուի շուրջ այլ կուսակցությունների հետ բանակցություններ վարելու առաջարկները:

Հիշեցնենք, որ 5-րդ համագումարում հայտարարվել էր, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր առջև խնդիր է դնում կանխել իշխանության վերարտադրությունը` ինչ դեմքով էլ այն լինի: Համագումարի հայտարարության մեջ նշվում էր, որ որպես համակարգային, խորհրդարանական ընդդիմադիր ուժ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանձնում է այդ գործընթացը առաջնորդելու և կյանքի կոչելու առաքելությունը: 2020 թ․-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով: