Մեզ համար կարեւոր է տեղում տեսնել, թե ինչպես է ապրում Արցախի ժողովուրդը. Գի Տեսիե

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը և Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Պիեր Ուզալիասը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին` այս օրերին Արցախ գնալու սկզբունքայնության համար`նշելով, որ մեզ համար չափազանց կարեւոր է այս աջակցությունը:

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը եւ պատգամավորները կիսվել են Արցախից ստացած տպավորություններով: 

Գի Տեսիեն նշել է, որ իրենց համար կարեւոր է տեղում տեսնել, թե ինչպես է ապրում Արցախի ժողովուրդը: «Մեզ համար կարևոր էր տեսնել այս փոքրիկ երկրի առաջընթացը: Մարդկանց հետ խոսելիս վկայություններ ստացանք, որ նրանք ուզում են խաղաղ ապրել իրենց հողի վրա, ամուր սահմաններով և նույնիսկ դրա համար պատրաստ են մեռնել: Եվ սա մեզ համար լսելի է, ամբողջովին ընկալելի է»,- ասել է Տեսիեն:

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները նշել են, որ անկախ Բաքվի սպառնալիքներից` շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին և հույս ունեն, որ Արցախը միջազգայնորեն կճանաչվի:

Գի Տեսիեն նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում  ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսել են խորհրդարանական համագործակցությունն ավելի խորացնելու և ԵԱՀԿ-ում համագործակցության մասին:

Մտքերի փոխանակության ժամանակ ֆրանսիացի պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին: