Հայկական Կարմիր խաչը օգնություն է տրամադրել Շիրակի մարզի կարկուտից տուժած ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

Հայկական Կարմիր խաչը

Սեպտեմբերի 16-ից Շիրակի մարզում ս․թ․ հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 925 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4606 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։  Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 32 575 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 150 040 450 ՀՀ դրամ) ։

Աղետից հետո Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու առավել խոցելի՝ բերքի 75-100 տոկոսը կորցրած ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտել և հստակեցրել է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։ Դրամական աջակցությունը կտրամադրվի Շիրակ, Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած ընտանիքներին՝ «Հայբիզնեսբանկի» «Գյումրի» և «Անի» մասնաճյուղերի միջոցով։

ՀԿԽԸ-ն Շիրակի մարզում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր՝ աջակցելով միայնակ առավել խոցելի տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անհայտ կորածների ընտանիքներին, անապահով ընտանիքներին, խոցելի համայնքներին, տուբերկուլյոզով հիվանդներին։

Այդ գործունեությունն ընդգրկում է՝ աղետների ռիսկի կառավարում և համայնքների դիմակայունության բարձրացում, տարեցների տնային խնամքի և առողջ երկարակեցության մոդելի ներդրում, սոցիալ–հոգեբանական աջակցություն, մարդասիրական արժեքների տարածում։

Իրականացվող գործունեությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: