Տարիներ շարունակ ԵՊՀ-ում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել.խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Տարիներ շարունակ ԵՊՀ-ում եւ պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների եւ դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին Տերյանը.

«Սիրելի ընկերներ եւ գործընկերներ, անցած շաբաթ ԶԼՄ-ում հայտնվեց մի լուր, ըստ որի՝ ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երեւանի պետական համալսարանի ղեկավարությանը: Քանի որ անցել է հայցը ներկայացնելու 7-օրյա ժամկետը, եւ ենթադրում եմ, որ առաջիկայում գործը կընդունվի վարույթ, ուզում եմ պարզաբանել, թե ինչն է հայցի խնդիրը: Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը իմ վարչության վերակազմավորումից հետո ԵՊՀ նոր ղեկավարությունն ապօրինաբար դարձրել է մինչեւ դեկտեմբերի 31-ը: Այս փաստը հայտնաբերել եմ պատահականորեն, եւ դա եւս համարում եմ էթիկական լուրջ բացթողում ներկայիս ժամանակավոր ղեկավարության կողմից: Երեք անգամ հարցը բարձրացրել եմ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գեւորգյանի մոտ, ինչին ստացել եմ պատասխան, որ «ինքն էլ ժամանակին շատ բան ուներ»:

Դրանից հետո խորհրդակցել եմ կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուների հետ եւ հասկանալով, թե ինչքան ողբալի վիճակում է գտնվում պատասխանատուների իրավական գիտելիքների մակարդակը, որոշել եմ դիմել դատարան: Խնդիրն այն է, որ սա միայն իմ հարցը չէ, այլ տարիներ շարունակ ԵՊՀ-ում եւ պետական ու կիսապետական բազմաթիվ այլ կառույցներում աշխատակիցների իրավունքները կոպտագույն խախտման են ենթարկվել, քանի որ հակառակ ՀՀ օրենքների եւ դատարանի նախադեպային վճիռների՝ կնքվել են ժամկետային պայմանագրեր: Դրանով բարձր եւ միջին օղակների ղեկավարները ճնշել են իրենց աշխատողներին՝ սպառնալով, որ ոչ լոյալության պայմաններում չեն վերակնքի աշխատանքային պայմանագրերը եւ որպես ուժի ցուցադրություն՝ կամայականորեն մարդկանց զրկել են աշխատանքից: Ես վստահ եմ, որ իմ դատական գործընթացը դառնալու է նախադեպային՝ ԵՊՀ-ի եւ մնացած հիմնարկների աշխատողների իրավունքների պաշտպանության համար:

Հ․Գ․ - Եվս մեկ՝ չափազանց սկզբունքային հայց եմ ներկայացրել դատարան, որի մասին պարզաբանում կտամ մի քանի օրից»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news