Պարկում առկա 4 ուղղաթիռները կարող են օգտագործվել ԱԻՆ տարաբնույթ խնդիրների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

Սեպտեմբերի 16-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Փրկարար ծառայության ղեկավար կազմի հադիպումը «ARMENIAN HELICOPTERS» միջազգային ավիակազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել և վերհանել երկկողմ փոխշահավետ համագործակցությունը սերտացնելու ուղղիները:

Ողջունելով հյուրերին ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը նշել է, որ ԱԻՆ-ը և «ARMENIAN HELICOPTERS»-ը արդեն իսկ ունեն արդյունավետ համագործակցության նախադեպեր՝ մասնավորապես, մատնանշելով այս տարվա փետրվարին Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնության ցուցաբերման, զոհված ֆրանսիայի քաղաքացու մարմնի տեղափոխվան և բոլորովին վերջերս Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպերը:

Ըստ Արտակ Նահապետյանի՝ ընկերությունը ներկայում համագործակցում է և ունի կնքված պայմանագրեր տարբեր պետական հաստատությունների հետ և ցանկություն ունի նմանատիպ պայմանագիր կնքել նաև ԱԻ նախարարության հետ:

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը ծավալուն շնորհանդեսի շրջանակներում մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և նախարարության հետ համագործակցության զարգացման իր տեսլականը:

Ըստ ընկերության կոմերցիոն տնօրենի՝ ընկերության պարկում առկա չորս ուղղաթիռները կարող են օգտագործվել ԱԻ նախարարության տարաբնույթ խնդիրների իրականացման ժամանակ՝ լինի դա հրդեհաշիջման աշխատանքներ, անձնակազմի արագ տեղափոխություն կամ հետախուզական գործողություններ:

Մասնավորապես, ընկերության «H125» և «H130» ուղղաթիռները հնարավորություն ունեն վերազինվելու արտակարգ իրավիճակներում աշխատելու համար, մասնավորապես, երբ տարածքն անհասանելի է կամ դժվարամատչելի մարդու կամ տեխնիկայի համար: Ըստ նրա, ընկերությունը պատրաստ է գնել որոնողափրկարարական սարքավորումներ ու իրականացնել օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ համագործակցությունը ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news