Ռաֆոն - քարարվեստի հայ թագավորը

ԵՐԵՒԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ,  24News

Ռաֆայել Իշխանյան
«Ռաֆայել Իսրայելյանը ամբողջական խառնվածք էր։ Ինչ էլ որ անում էր՝ անում էր ներքին մղումով, համոզված. հոգեկան այն կապը, որ ուներ հայրենի երկրի, նրա պատմության, հոգևոր գանձերի նկատմամբ, բացառիկ ուժի էր հասնում։ Թղթի մի կտորի վրա նախշ նկարեր, թե հսկայական մի շենք կառուցեր, գինու մի գավ պատրաստեր, թե մոնումենտ կառուցեր, նպատակը նույնն էր՝ հաստատել մեր ժողովրդի հոգեկան բարձր կերտվածքը»։ 

Ռուբեն Զարյան

Երջանիկ են նրանք ովքեր Տիրոջ տված պարգևը չեն մսխել ու գործի են դրել, գործն էլ անմահության արմատով է եղել: Կան մարդիկ, որոնց սիրում ես անանց սիրով,  և եթե  կին չէ, այլ տղամարդ՝ այն էլ ճանաչված, բայց ում դու անձամբ երբեք չես ճանաչել,  ուրեմն խոսքը գնում է անհատ երևույթի մասին` դիցուկ մեծերից մեկի աշխատասիրության մասին` մահ չտեսած, ապրող ու ապրեցնող:

Արծվի պես իջավ Հայաստան, որ այլևս չհեռանա ու մեզ իր թևերի վրա բարձրացնի, բարձր պահի: Ռաֆո Իսրայելյանը Հայաստանը կառուցողն է` տղամարդու իր ձեռքով, համարձակ ոգով, սլացող մտքով:

Մեզ մեր խեղճությունն է միշտ տանջել, շպրտել գետնին ու թավալգլոր արել, և դրանից էլ ծնվել է հայոց ստեղծագործությունների լալահառաչ հատվածը: Բայց ողբը կանգնում ու կոտրվում է, երբ հավատավոր համարձակի հայացքին ու տեսակին է զարկվում: Ռաֆոն հավատում էր Հայաստանին, որ կանք ու լինելու ենք՝ դրա համար հեքիաթային Թիֆլիսը թողեց ու եկավ իր ու մեր երկիրը պատեց: Ուժեղ են նրանք ովքեր առ իրենց սիրո առարկա երբեք սիրելը չեն դադարեցնում, ինչ էլ լինի: Ռաֆոն սիրում էր Հայաստանը մանրամասն սիրով ու տեսնում էր ոչ միայն երկրի ճարտարապետական ոտքի կանգնելը, այլ հպարտությամբ կանգնած մնալը, չկռանալը: Հաղթողի հոգեբանության արվեստ է Իսրայելյանի հանճարի արտադրությունը: Մենք նրան ենք պարտական հպարտության համար, արծվատեսք ու արքայաբար վեր հառնելու համար, կոթողային հսկաների ասեղնագործ հարթաքանդակների համար: Չի լինում կյանք առանց մեծերի, բայց մեծերին չհիշողների հասարակությունը ցեղ է ոչ թե ազգ: 

Եվ այսպես. հայ հոգու ոգին, Հայաստանի հպարտության կառուցողը, մեզ միջազգային ամենաբարձր աստիճանավանդակի վրա կանգնեցնողը: Քարերին հնազանդեցնողն ու հրամայողը, ում որ պարտական ենք խեղճությունը ճզմելու ու մոնումենտալ սլացք ունենալու համար: Ճարտարապետության արքա: Մեծերի մեծ` Ռաֆո Իսրայելյան՝ անմար հիշատակդ միշտ վառ:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան

Նվիրվում է հանճարեղ Ռաֆայել Իսրայելյանի 111 ամյակին