Աննա Հակոբյանը՝ «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների պատվավոր նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի (Impact Humanity Television and Film Festival IHTFF) պատվավոր նախագահն է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile-Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է այս նախաձեռնության մասնակից դառնալը, և ես սիրով կանեմ այն ամենն, ինչ ինձանից կախված է, որպեսզի այն հաջողի։ Ոլորտը դեռ նոր է ինձ համար, և ես մեծ պատասխանատվություն եմ զգում այս կարևոր առաքելության նկատմամբ»,- ասել է Աննա Հակոբյանը:

Ինչպես հայտնում են «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի գրասենյակից՝ փառատոնի հիմնադիր նախագահներն են պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International), ռեժիսոր և հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Փառատոնի համանախագահներն են կոմպոզիտոր երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը։

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը կկայանա Երևանում 2019թ․-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները: