«Ռուսական մաֆիա», ղազախական փողեր ու շանտաժ. ԱԱԾ-ն մերժել է Իոսիֆյանին

ԵՐԵՒԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Russian mafia

24News-ն արդեն անդրադարձել էր համացանցում մեծ աղմուկ հանած Միացյալ Նահանգներում բնակվող Գեորգի Իոսիֆյան անունով հայ գործարարի հայտարարությունը, ըստ որի 2008-2012 թթ-ին մեր երկրում հափշտակել են նրա ներդրած գումարները՝ սնանկացման եզրին հասցնելով իր հիմնադրած BTA բանկը։ Մեր լրագրողական հետաքննությունը ցույց էր տվել, որ այս գումարների հետևում կանգնած է միջազգային հետախուզման մեջ գտնվող ղազախստանցի հայտնի բանկիր, BTA բանկի նախկին նախագահ Մուխտար Աբլյազովը, ով մեղադրվում է աշխարհի գրեթե մեկ տասնյակ երկրում՝ այդ թվում  Ռուսաստանում, Ուկրաինայում, Անգլիայում և Շվեյցարիայում, ֆինանսական միլիարդավոր դոլլարների հասնող հանցագործություններ կատարելու մեջ, իսկ իր հայրենիքում հեռակա կարգով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Շարունակելով լրագրողական հետաքննությունը՝ 24News-ը պարզել է, որ ԱՄՆ քաղաքացի Իոսիֆյանը վերջին տաս տարվա ընթացքում ևս երկու անգամ դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ պահանջելով իր դիմումի հիման վրա նոր քրեական գործ հարուցել, ընդ որում, ամեն անգամ նշելով գումարի տարբեր չափեր։ Մեր հավաստի տեղեկությունների համաձայն վերջին անգամ Իոսիֆյանն ԱԱԾ է դիմել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ 2018 թ-ի օգոստոսին։ Երկու դեպքում էլ, թե՜ իշխանափոխությունից առաջ, թե՜ իշխանափոխությունից հետո ԱԱԾ-ն մերժել է նրա դիմումի հիման վրա քրեական գործ հարուցել՝ հղում անելով փաստերի բացակայության մասին։ 

Ստացվում է, որ անգամ «Նոր Հայաստանի» Ազգային անվտանգության ծառայությունը Իոսիֆյանի ասածի հիման վրա քրեական գործ չի հարուցել, և վերջինս, փաստացի, հասկանալով, որ իրավական ճանապարհով հաջողության չի հասնի՝ անցել է շանտաժի՝ և հայաստանյան լրատվամիջոցներով սկսել տալ անուններ՝ հույս ունենալով, թե դրանից հետո իր հետ կկապվեն և կվճարեն այն գումարները, որոնց մասին ինքը խոսում է, և որոնց ծագումը ոչ միայն անհայտ է, այլ նաև խիստ կասկածելի։ 

Ընդ որում՝ լրագրողական հետաքննությունը մեզ հնարավորություն տվեց բացահայտել ևս մեկ կարևոր դրվագ Իոսիֆյանի կյանքից։ Պարզվում է, որ վերջինս ընկել է ամերիկյան իրավապահների ուշադրության կենտրոնում իբրև «ռուսական մաֆիայի» ներկայացուցիչ։ Ինչպես 1996-ին հայտնել է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ Նյու Յորքում ռուսաստանցիներ Լև Բրեսկինը, Ալեքսանդր Կորոգոնսկին, և, ուշադրություն՝ Գեորգի Իոսիֆյանը մեղադրվել են 4.5 մլն դոլար հափշտակելու մեջ, որից 2 մլնը նախատեսված է եղել Չեռնոբիլի աղետի տուժածների կարիքները հոգալու համար։ Եվ եթե այս աղմկահարույց քրեական գործով անցնող Բրեսկինն ու Կորոգոնսկին ձերբակալվել են, ապա Իոսիֆյանը դիմել է փախուստի և եղել հետախուզման մեջ։ 

Ռուսական մաֆիա

Միով բանիվ, ռուսական հանցավոր խմբավորման անդամ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Աբլյազովի ֆինանսական հարցերով օգնական Գեորգի Իոսիֆյանն այժմ որոշել է շանտաժի միջոցով նոր գումարներ վաստակել՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետությունից։