Վալերիյ Օսիպյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից. նախագահական

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պաշտոնապես ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո, մամուլը գրում էր, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ևս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը ՀՀ ոստիկանապետ էր նշանակվել 2018թ․մայիսի 10-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը: