Ցավալի է, որ շարունակվում են փակ դռների հետևում մութ հրաժարականները․ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

«Ցավալի է, որ շարունակվում են փակ դռների հետևում մութ հրաժարականները, քանի որ նախկին իշխանությունների ժամանակ էլ ասում էինք, որ, եթե ինչ-որ մեկին հեռացնում են աշխատանքից, ով կարևոր պաշտոն է զբաղեցրել, առնվազն ոլորտի պատասխանատու է եղել, ապա պետք է նշվեն պատճառներ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին։

Նա նշեց, որ նախկինի պես, աշխատանքից ազատվելու պատճառները չեն նշվել. «Ավելին, եթե նախկինում հեռացողները վախենում էին խոսել, հիմա հեռացողները խոսում են և խոսում են անհարգալից, մի փոքր հեգնանքով»։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ Գորգիսյանն ասաց. «Վանեցյանի հեռանալը մոտավորապես այսպես էր, որ ես ձեր քաոսիկ համակարգում անելիք չունեմ, դա իմ պատվից ցածր է»։