ՍԴ նախագահի հարցը լուծելու է ՍԴ-ն․ իշխանությունների տարանջատման խնդիր չկա․ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Սահմանադրության համաձայն՝ ԱԺ-ն երեք հինգերորդի որոշմամբ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար, սակայն որոշում կայացնողը ՍԴ-ն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա նշեց, որ ՍԴ նախագահի դեմ գործընթաց սկսելու հիմքեր կարող են լինել էական կարգապահական խախտումը, անհամատեղելիությունը պաշտոնի հետ և այլն։

«Օրինակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը չդիտարկելը ՍԴ նախագահի կողմից կարող է դիտվել իբրև կարգապահական խախտում»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը հայտարարել է, որ Վահե Գրիգորյանի նամակը խախտումներով է ներկայացվել, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ենթադրենք խախտումներով է ներկայացրել, բայց ՍԴ դատավորը ներկայացրել է դիմում, ու չկա որևէ ակտ, որը կփաստի՝ դիմումը քննարկվել է և մերժվել է ոչ պատշաճ ներկայացված լինելու պատճառով։ ՍԴ-ն, որպես կոլեգիալ մարմին, պետք է խոսի փաստաթղթերի միջոցով»։

24News-ի հարցին՝ եթե ՍԴ-ն լուծում չտա կնշանակի, որ ներկայացված հիմքե՞րն էին թույլ, թե՞ որ ՍԴ-ն քաղաքականացված է, պատգամավորը պատասխանեց՝ ՍԴ որոշումը պետք է հիմնված լինի Սահմանդրության վրա, չշեղվի նախկինում արտահայտած դիրքորոշումներից, կայացված լինի պատշաճ կազմի կողմից։ 

Ինչ վերաբերում է հարցին՝ ՍԴ նախագահի դեմ գործընթացը արդյո՞ք չի առաջացնում իշխանությունների տարանջատման խնդիր, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Իշխանությունների տարանջատման խնդիր չկա, քանի որ Սահմանադրությամբ ԱԺ-ն կարող է դիմել ՍԴ նախագահի լիզորությունները դադարեցնելու համար, բայց որոշումը կայացնում է ՍԴ կազմը»։