Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.

Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի տվյալների համաձայն՝  2019թ․ Թուրքիայի 7․610 քաղաքացի Գերմանիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Գերմանական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ ներկայացված ապաստանի հայտերի նախնական հաստատումների թիվը զգալիորեն աճել է։ Մասնավորապես հայտնի է, որ դիմումների շուրջ 48․8 տոկոսին ընթացք է տրվել։

Նշենք, որ 2018թ․ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը հայտնել էր Թուրքիայից ստացված 10․655 հայտի մասին, որոնցից ընթացք էր տրվել շուրջ 41․4 տոկոսին։ 2017թ․ Թուրքիայից Գերմանիային էր ներկայացվել 8․483 ապաստանի խնդրանք, որոնցից հաստատվել էր միայն 28․1 տոկոսը։

2016թ․ Թուրքիան գտնվում էր Գերմանիայից ամենից հաճախ ապաստան խնդրող երկրների առաջատար տասնյակում։ Հրապարակված վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ Թուրքիան այդ ցանկում 4-րդն  է՝ Սիրիայից, Իրաքից և Նիգերիայից հետո։

Նշենք, որ  2018թ․ Թուրքիան այդ ցանկում հինգերորդն էր, իսկ 2017թ․ զբաղեցնում էր վեցերորդ տեղը։ Եթե մինչև տարեվերջ Թուրքիայից ներկայացվող ապաստանի դիմումների ինտենսիվությունը մնա նույն մակարադակի վրա, ապա ընդհանուր առմամբ 2019թ․ ներկայացված ապաստանի հայտերը կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը։