Իսրայելում ՀՀ դեսպանատուն կբացվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 19-ի իր նիստում  որոշում կայացրեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծել (նստավայրը՝ Թել Ավիվ):

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարեւորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանություն ստեղծելը:    

«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, եւ այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաեւ պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»,- ասված է հիմնավորման մեջ:

Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի Պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռեւս 1992թ. ապրիլին:     

Վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում շփումները:

Դիվանագիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից հարկ է նշել, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երեւան:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեսպանության բացումը կտեւի որոշ ժամանակ. «Ես կխուսափեմ որոշակի ժամկետ նշելուց, որովհետեւ այստեղ կա մյուս կողմը»:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեսպանության բացումը կտեւի որոշ ժամանակ. «Ես կխուսափեմ որոշակի ժամկետ նշելուց, որովհետեւ այստեղ կա մյուս կողմը»: Նա նշեց, որ դեսպանության վայրի վերաբերյալ կա հստակ դիրքորոշում:

Հարցին, թե արդյոք իսրայելն իր հերթին մտադիր է դեսպանություն բացել Հայաստանում, ԱԳ նախարարը պատասխանեց. «Դա մեր երկխոսության օրակարգում է: Մենք մեր քայլերը չենք պայմանավորելու Իսրայելի կողմից ՀՀ-ում դեսպանություն բացելու հանգամանքով, բայց դա եղել եւ մնում է մեր օրակարգում: Մեր ներկայությունն Իսրայելում կամրապնդի մեր փաստարկները եւ մեր բարձրացրած հարցը, որ մենք եւս այստեղ ունենաք դեսպանություն Իսրայելի»: