Սա հեռու է մեր երազած բյուջեն լինելուց. Ատոմ Ջանջուղազյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խուսափում է հաջորդ տարվա բյուջեին որևէ անուն, ձևակերպում տալուց։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, նա ասաց կառավարությունում 2019- ի բյուջեն ներկայացնելու ժամանակ։

«Արդյո՞ք սա մեր երազանքների բյուջեն է՝ ոչ։  Սա հեռու է մեր երազած բյուջեն լինելուց»,- ասաց նախարարը։

Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահության կրթության և այլ ոլորտներին հատկացումների առումով էական ոչինչ չի փոխվել 2018 թվականի բյուջեի համեմատ։

Դիտարկմանը, թե վարչապետը 2019 թվականի բյուջեն իներցիոն  է անվանել՝ նախարարն ասաց.

«Այո, իներցիան անխուսափելի է, մենք չենք կարող կյանքը կանգնեցնել»։

Կենսաթոշակի, միջին աշխատավարձի բարձրացման առնչությամբ էլ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չի կարող ասել՝ դա կլինի հաջորդ տարվա մայիսին թե այլ ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է պետական պարտքի խնդրին՝ նախարարն ասաց.

«Մենք 240 մլրդ դրամ վարկ ենք  վերցնելու՝ տարբեր ծրագրերի, նաև՝ պարտքի մարման համար։ 85 մլրդ դրամի պետական պարտքի մարում է լինելու»։

Ջանջուղազյանը շեշտեց, որ վարկ վերցնելով վերաֆինանսավորում են իրականացնում արդյունք ստանալու համար։