Որոնք էին Քիմ Քարդաշյանի կյանքի «ամենաերկար 3 օրերը»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

բակո

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը վերջին տարիներին տառապում է փսորիազով, գրում է Daily Mail-ը:

Իր հիվանդության մասին հեռուստաաստղը հանրության հետ կիսվել է քրոջ` Քորթնիի Poosh կոչվող կայքում:

Պարզվում է՝ 4 երեխաների մայր Քիմի մոտ հիվանդությունն ավելի է սրվել 30 տարեկանից հետո: Հիվանդության ամենամեծ սրացումը Քիմը զգացել է այս տարի: Տարեսկզբին հիվանդության ծայրահեղ սրման հետևանքով հեռուստաաստղի ողջ մարմինը բծերով է պատվել:

Poosh կայքում հրապարակված իր էսսեում Քիմը պատմել է փսորիազի և փսորիատիկ արթրիտի ախտորոշումից հետո իր կյանքի մասին: Պարզվում է` հեռուստաաստղի մայրը` Քրիս Ջենները, նույնպես ժամանակին տառապել է նշված հիվանդությամբ, սակայն վերջինիս հաջողվել է հաղթահարել այն հատուկ ուլտրամանուշակագույն ճառագայթների բուժման կուրսի շնորհիվ, ինչը Քիմի դեպքում հնարավոր չէ:

1

«Ես ընտանքի միակ անդամն եմ, որ մորիցս ժառանգել է այս հիվանդությունը: Ինչպիսի հաջողություն, չէ՞:  13 տարի է անցել փսորիազի իմ առաջին բռնկումից ի վեր: Այդ ժամանակ ես 25 տարեկան էի: Ինձ մոտ սովորական մրսածություն էր, և քանի որ փսորիազն իմունային համակարգի հիվանդություն է, այն սրեց իրավիճակը: Բարեբախտաբար, հարևանս մաշկաբան էր, ով ինձ խորհուրդ տվեց այցելել հիվանդանոց և բուժում ստանալ: Դրանից հետո փսորիազն ինձ չանհանգստացրեց շուրջ հինգ տարի: Այն վերադարձավ 30 տարիս լրանալուց հետո: Այդ ժամանակ ես միանգամից չգիտակցեցի, որ դա կրկին փսորիազի բռնկում է: Այսպես սկսվեց իմ «ճամփորդությունը» փսորիազի հետ»,- պատմել է Քիմը:

Վերջին 8 տարիների ընթացքում նա շարունակաբար պայքարել է հիվանդության դեմ: Աստղի խոսքով` նրա աջ ոտքի բիծը երբեք չի անհայտանում, և նա ստիպված է հաշտվել դրա «ներկայության» հետ, սակայն զարմանալի է, որ երկու հղիությունների ընթացում բիծն ամբողջովին վերացել էր:

Քարդաշյանը պատմել է, թե ինչպես կեսգիշերին արթնանալով` ձեռքերում տարօրինակ զգացողություն է ունեցել: Հեռուստաաստղը չի կարողացել նույնիսկ վերցնել հեռախոսը: Ձեռքերի անտանելի ցավը շարունակել է անհանգստացնել նաև առավոտյան:

Հիվանդանոց այցելելուց և համապատասխան ստուգումներ անցնելոց հետո բժիշկները ռևմատոիդ արթրիտի և գայլախտի եզրակացություն են տվել՝ միաժամանակ խորհուրդ տալով ևս մեկ անգամ ստուգումներ անցնել, քանի որ արդյունքները երբեմն կարող են սխալ լինել: Կրկնակի ստուգման եզրակացությանը սպասելու ժամանակահատվածը, Քիմի բնորոշմամբ, կյանքի «ամենաերկար երեք օրերն» են եղել: Ստուգումների արդյունքները վերջիվերջո հերքել են նախնական եզրակացությունը, և պարզվել է` հեռուստաաստղի մոտ փսորիատիկ արթրիտ է. այն առաջանում է փսորիազի հետևանքով և ժամանակ առ ժամանակ կարող է «գալ և գնալ»:

Խոսելով հիվանդության մասին` Քիմն ասել է, որ հիվանդության փաստը, միևնույն է, ցավալի և վախեցնող է, սակայն նա ուրախ է, որ նախորդ կասկածները հերքվել են` հավելելով, որ նախքան փսորիատիկ արթրիտի ի հայտ գալը 4 ամիս շարունակ բացառապես բնական կոսմետիկ միջոցներ է օգտագործել, այնուհետև փոխել է նաև կերակրացանկը` անցնելով բուսակերության: