ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
«ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը իրականացվում է Սահմանադրական կարգով, սահմանված ընթացակարգով», լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Թեև նախագիծը Աժ-ինն է, բայց որոշումը ՍԴ-ինն է լինելու: Իհարկե, փորձ է կատարվում այս ամենի մեջ քաղաքական գործընթացներ տեսնել, մանիպուլյացիաներ անել: Բայց վստահեցնում եմ, որ մենք ընտրել ենք իրավական ուղին: Մենք անում ենք գործընթացի այն մասը, որի իրավունքն ունենք, ՍԴ-ն պետք է անի այն, ինչն իր իրավասության տիրույթում է»,- ասաց Վարդանյանը՝ չբացառելով, որ դատավորների մեծամասնությունը կարող է և դեմ քվեարկել նախագծին:
«Ամեն դեպքում այս նախագիծը ինքնանպատակ չէ: Մեր խմբակցության մոտ կասկածներ էին առաջացրել ՍԴ-ում կայացված վճիռների արդարացիության մեջ: Այսինքն՝ այս գործընթացը ուղղված չէ հենց Թովմասյանին»,- նկատեց նա:
Հարցին՝ Թովմասյանի վրա ճնշումներ կիրառվու՞մ են, խորհրդարանականն ասաց, որ դա միայն Թովմասյանը կիմանա, իսկ ինքը նմանատիպ ինֆորմացիայի չի տիրապետում։
«Սա սպորտային միջոցառում չէ: Ունեցել ենք հիմքեր, դիմել ենք դատարան: Հաղթելու - պարտվելու խնդիր չկա: Մենք ունենք մի նպատակ՝ հասարակության համար թափանցիկ ու հասանելի դարձնել ՍԴ-ում կատարվող գործընթացները»,- նշեց պատգամավորը: