Ինչպե՞ս կարելի է խոսել ահաբեկիչներին Ադրբեջանին հանձնելու մասին․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

 

«Պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ շատ կարեւոր մի կետ կա։ Դավիթ Տոնոյանը բացեիբաց հայտարարել է, որ այդ դիվերսանտների հետ կապված հարցը պաշտոնական Ստեփանակերտի սուվերեն իշխանության ներքո է գտնվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու Բաքվի առաջարկության վերաբերյալ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մեկնաբանությանը։

Արցախի նախագահի խոսնակը շեշտեց՝ Բաքուն դիմել է ոչ թե պաշտոնական Ստեփանակերտին, այլ՝ Երեւանին. «Սրանով Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը՝ ցանկանալով ցույց տալ, որ չկա Արցախ, որ արցախյան պետականություն գոյություն չունի, որ Հայաստանը ագրեսոր է։ Ինչո՞ւ պետք է Երեւանում որոշեն Արցախի Հանրապետության դատարանի կողմից դատապարտված մարդկանց ճակատագիրը։ Իրենք հատուկ այնպես են անում, որ Մայր Հայաստանին ներքաշեն այդ գործերի մեջ՝ դրանով հարված հասցնելով մեր պետականությանը, թե արցախյան, թե հայաստանյան հատվածին»։

Հիշեցնենք, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դա պետք է Արցախը որոշի։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնել է, որ երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ։ Նախարարի խոսքով՝ կան որոշակի քննարկումներ և հարցեր, որոնք այժմ բացահայտել չի կարող։

Դավիթ Բաբայանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է խոսել ահաբեկիչներին Ադրբեջանին հանձնելու մասին։ «Ես երեկ մի համեմատություն բերեցի, եթե մեր ձեռքում լիներ Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած տականք Սաֆարովը, եթե նա լիներ Երեւանում, մենք պետք է նրան արտահանձնեինք Բաքվի՞ն։ Նույն տարբերակն է, ոչ մի տարբերություն այս հանցագործների արարքի մեջ չկա։ Այդ 2 հանցագործները կատարել են հանցագործություններ Արցախի տարածքում, նրանց նկատմամբ դատ է եղել՝ բաց, թափանցիկ։ Մենք ի՞նչ է, պետք է վերադարձնե՞նք նրանց։ Մենք ո՞նց ենք նայելու Գուրգեն Մարգարյանի ծնողների աչքերին, ո՞նց ենք նայելու Ցականյանների աչքերին եւ տասնյակ հազարավոր այլ մարդկանց աչքերին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով, խնդիրն, իհարկե, բարոյական ու հոգեբանական տեսանկյունից շատ ծանր է, որովհետեւ մեր տղաներն էլ սահմանից այն կողմ են գտնվում, բայց Ադրբեջանը իրավունք չունի իր տարածքում պահել ՀՀ քաղաքացիներին։