Աննա Դանիբեկյանի անունը կա՞ «դռների տակ վնգստացող» դատավորների ցուցակում․Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Որոշման հրապարակելուց հետո Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ թե՛ նախորդ, թե՛ այս որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ ու բացահայտ աննախադեպ ճնշումների ազդեցության տակ։

Դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Հայկ Ալումյանը հայտարարեց․ «Դատարանն այսպիսով  դարձել է գործիք պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է՝ որպես գործադիր իշխանության գործիք։ Իմ հայտարարության հիմնավորումները բազմիցս տվել ենք։ Ձեր նախորդ դատական նիստից առաջ իրականացված ճնշումները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից։ Դուք այժմ այստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ, բովանդակային առումով այստեղ դատարան գոյություն չունի»։

Ալումյանը ցավով փաստեց, որ իր պաշտպանյալը Հայաստանում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Դիմելով դատարանին՝ նա ասաց․  «մենք նամակով դիմել ենք պարոն Վարդազարյանին, որպեսզի նա թվարկի դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը։ Բայց մինչև նա մեզ կտրամադրի, ես կցանկանայի Ձեզանից ճշտել, հարգելի դատարան, Դուք անձամբ այդ ցուցակի մեջ կա՞ք՝ դռների տակ վնգստացող, թե՞ չկաք»։