Դուք ժամանակին զուգահեռ եք քայլում․ նախագահի տիկինը հանդիպել է ՀԲԸՄ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին ՀԲԸՄ խորհրդի անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի տնօրեն Տաթևիկ Մանուկյանը, ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության հարցերով խորհրդատու Հասմիկ Հայրապետյանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցները Նունե Սարգսյանին են ներկայացրել ՀԲԸՄ կողմից իրականացրած և իրականացվող ծրագրերն ու նախագծերը, որոնք ընդգրկում են կրթության, մշակույթի, արվեստի, գյուղատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներ:

Կարևորելով Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը՝ տիկին Նունե Սարգսյանը փաստել է, որ թեպետ ՀԲԸՄ-ն ստեղծվել է նախորդ դարասկզբին, սակայն իր գործունեությամբ շարունակում է երիտասարդ կառույց մնալ: «Դուք ժամանակին զուգահեռ եք քայլում, արթուն եք պահում միտքն ու մշտապես ձգտում լինել օգտակար»,- նշել է Նունե Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ կողմից կանանց դերի մեծացմանն ու հատկապես կանանց շրջանում ձեռներեցության խթանմանն ուղղված ծրագրերին ու նախագծերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումների ընթացքում քննարկել հնարավոր համատեղ նախագծերի իրականացումը: